ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ծրագրերի 2020թ-ի 2-րդ մրցութաշրջանում 8 անվանակարգում պետական դրամաշնորհի մրցույթ է հայտարարել, որի վերջնաժամկետը մայիսի 28-ն է։

Դրամաշնորհին դիմել կարող են ՀՀ-ում գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպությունները, որոնք ունեն ժամանակակից արվեստների, գրականության, ստեղծարար արդյունաբերության զարգացմանը, մշակութային ժառանգության, արևմտահայերենի պահպանության և հանրայնացման, Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի արդիականացման և ամրապնդման, մշակութային զբոսաշրջության, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութային կրթության և ներառականության խթանմանն ուղղված նորարարական և հեռանկարային նախագծեր:

Դրամաշնորհները տրվում են միայն ընթացիկ տարվա համար։ Կախված ուղղությունից` նախարարության ռազմավարական գերակայությունների հետ համապատասխանությունից և ներկայացված բյուջեի ծավալներից՝ ծրագրերը կարող են ֆինանսավորվել մասնակի կամ ամբողջապես։

Նախարարությունից հայտնում են, որ առաջնահերթություն է տրվելու իրենց որդեգրած մշակութային քաղաքականությանն ու ռազմավարական գերակայություններին համապատասխանող ծրագրերին, ինչպես նաև դեբյուտային, համաֆինանսավորվող, մշակույթի ապակենտրոնացումը և երկարատև արդյունավետությունը ապահովող ծրագրերին։

Հայտադիմումի փաթեթը պետք է ներկայացվի նախարարության ընդհանուր բաժին՝ թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով (նյութերի ծավալը չպետք է գերազանցի 20 MB)։ Մասնակիցը չի կարող նույն անվանակարգով, նույն մրցաշրջանում ներկայացնել մեկից ավելի հայտ: Անվանակարգին չհամապատասխանող և թերի լրացված հայտերը մերժվում են: