Ազգային ժողովում հնչող խոսքն ու պահվածքը օրինակ են դառնում հասարակության համար, հայտարարել է Օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ անդրադառնալով խորհրդարանում միջադեպին։

«Կանոններ, որոնք վերաբերում են բոլորին, բայց հատուկ կարևորություն ունեն բարձր վստահության մանդատ ստացած քաղաքական մեծամասնության և դրա յուրաքանչյուր ներկայացուցչի համար:

Չի կարելի օգտագործել մարդու արժանապատվությունը վիրավորող նսեմացնող խոսք. դա բերում է վտանգավոր հետևանքների, դա կրկնապատկում է վիրավորանքն ու ատելությունը, սադրում է բռնություն:

Այս պահանջը հատկապես վերաբերում է հանրային պաշտոն զբաղեցնող և հանրային գործունեություն ծավալող անձանց, ովքեր իրենց քաղաքական կամ այլ խոսքում պետք է լինեն զսպված և թույլ չտան ատելություն գեներացնող, լարվածություն առաջացնող որևէ խոսք: Դա նույնությամբ վերաբերում է քաղաքական ելույթին կամ բանավեճին:

Ուզենք, թե՝ ոչ, խորհրդարանում հնչող խոսքն ու պահվածքն օրինակ են դառնում հասարակության համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Թաթոյանը հավելել է նաև, որ խորհրդարանում հատկապես պետք է պահպանել սեփական կարգավիճակի սահմանները և սեփական վարքագծի օրինակով նպաստել հասարակությունում համերաշխության ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը:

Նա նշել է նաև, որ բռնությունը կամ բռնության սպառնալիքն անթույլատրելի են սկզբունքորեն՝ անկախ նրանից, թե երբ և ում կողմից է դա արվում կամ ում է ուղղված։

«Ի վերջո, բոլորիս գլխավոր նպատակն է ի սպառ բացառել, վերջնականորեն արմատախիլ անել վիրավորանքն ու արժանապատվության նվաստացումը, ատելություն գեներացնող ցանկացած տեսակի խոսք», - նշել է Թաթոյանը։