Ազգային ժողովում միջադեպից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքել է նիստերի դահլիճը, խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պահանջել է տեղի ունեցածին քաղաքական գնահատական տալ ու հետևանքներ։

Մարուքյանի խոսքով՝ Ազգային ժողովում միջադեպից 3 ժամ է անցել, բայց որևէ արձագանք, որը հարիր է ժողովրդավարական քաղաքական համակարգին, չի եղել։

«Կարծում եմ, որ ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը, հեղափոխության հռչակած արժեքները և ես կարծում եմ, որ ՀՀ պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել։ Եթե կասեք 1996թ-ին 2002թ-ին էլ են պատգամավորին խփել, ինչքան հիշում եմ, խմբակցության ղեկավարին դեռ հետևից ու կողքից չեն խփել։ Բայց ասելիքս հետևյալն է՝ ինչ եղել է՝ քաղաքական է, և պետք է ունենա քաղաքական գնահատական։ Մենք դա ակնկալում ենք թե՛ իշխող խմբակցությունից, թե՛ ՀՀ հասարակական սեկտորից։ Հաջորդը՝ ուղղակի քաղաքական գնահատականը որևէ բան փոխել չի կարող, միջադեպը պետք է ունենա քաղաքական հետևանքներ։ Տեղի ունեցածը մեր պրոբլեմն էլ է, բայց ավելի շատ հեղափոխության առաջնորդի պրոբլեմ է։ Մենք հիմա կլքենք նիստերի դահլիճը, ապագայում՝ կախված քաղաքական գնահատականներից և հետևանքներից կանենք եզրահանգումներ, կորոշակիացնենք մեր անելիքները և կհասկանանք՝ ապագայում ինչպես ենք աշխատելու այս խորհրդարանում»,-եզրափակել է նա։