«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողով է բերում ոչ թե իր օրակարգը, այլ՝ ԱԺ-ից դուրս գտնվող «խուլիգանական խմբակներինը»։

Մակունցը խմբակցության անունից ներողություն է խնդրել ՀՀ քաղքացիներից ու միջադեպին ականատես եղածներից։

«Ցավում եմ, որ խմբակցությունը տրվել է սադրանքների և տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել։ Ամեն ինչ սկսվեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքից, այն պահից, երբ այդ առնչությամբ իր դիրքորոշումը հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ կողմ չքվեարկելով այդ նախագծին։ Դրա ընդունումից հետո շեշտակի փոխվեց խմբակցության ղեկավարի վարքագիծն ԱԺ-ում։ Նկատի ունեմ այն, որ Մարուքյանը երբևէ այս և նախորդ գումարումների ընթացքում իրեն թույլ չի տվել այնպիսի բառամթերք, որը թույլ է տվել 7-րդ գումարման ԱԺ-ում։ Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ ԼՀ ղեկավարը ԱԺ նիստերի դահլիճում ուղիղ եթերում համայն հնչեցրեց սեռական բնույթի հայհոյանք ԱԺ փոխխոսնակի հասցեին, և դրան չհետևեց ներողություն։ Դրան հետևեցին ինչ-որ գործընթացներ արդեն ԱԺ դահլիճից դուրս։ Եվ հիմա, արդեն շաբաթներ շարունակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը փորձում է սադրել և ներքաշել «Իմ քայլը» խմբակցությանն այնպիսի գործողությունների մեջ, որոնք տեսախցիկների առջև խմբակցությանը կներկայացնեն այնպիսին, ինչպիսին ուզում են տեսնել իրենք»,- ասել է նա։