Գուգարքի ղեկավարը վերականգնել է համայնքին պատճառած ավելի քան 12 մլն դրամ վնասը
Լոռու մարզի Գուգարք համայնքի ղեկավարը վերականգնել է պատճառած ավելի քան 12 մլն դրամ վնասը։ Քննչական կոմիտեն պարզել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անփութություն կատարելու հանգամանքները:
2005թ-ի հոկտեմբերից զբաղեցնելով պաշտոնը, համայնքի ղեկավարը, ի պաշտոնե իմանալով համայնքային սեփականության արոտավայրի տարածքում հեռահաղորդակցության օպերատորներից մեկի կողմից ալեհավաք կայան տեղադրելու և դրա դիմաց բարձր վարձ վճարելու մասին, նպատակադրվել է ակնկալվող վարձավճարների մուտքագրումն ուղղել իր ընտանիքի բարեկեցությանը:
Այդ նպատակով նա պահանջել է իր կնոջից հողատարածքը վարձակալելու դիմում ներկայացնել համայնքապետարան:
Այնուհետև, ստեղծելով և ղեկավարելով մրցութային հանձնաժողովը, ձևական մրցույթ է կազմակերպել, որի հաղթող է ճանաչվել միակ մասնակից իր կինը, որի հետ 2007թ-ի հունիսին կնքել է վարձակալության պայմանագիր, որով 0,12 հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով, 50 տարով և տարեկան 2000 դրամ վարձավճարի դիմաց վարձակալության է տրամադրել վերջինիս։
2007թ-ի հուլիսին, համայնքի ղեկավարը կնոջ միջոցով նույն հողամասի 0,02 հա հատվածը տարեկան 1,020,000 դրամ վարձավճարով ենթավարձակալությամբ հանձնել է հեռահաղորդակցության ՓԲ ընկերությանը։ Արդյունքում, մինչև 2020թ-ի մարտ ստացել է ընդհանուր 12,489,500 դրամ շահույթ՝ էական վնաս պատճառելով համայնքին։
Գուգարք համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն չարաշահելը) 2-րդ մասով (պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի) և 315.2-րդ հոդվածով (պաշտոնեական անփութություն, պատժվում է տուգանքով կամ 1-2 տարի ազատազրկմամբ):
Համայնքի ղեկավարն ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը՝ Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվեհամարին փոխանցելով 12,494,000 դրամը:
Նախաքննությունը շարունակվում է: