Ձմեռվա 3 ամիսների ընթացքում հանրապետության տարածքում դիտված բարձր ջերմային ֆոնի հետևանքով մասնավորապես՝ Տավուշի, Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում վեգետացիան սկսվել է մոտ 40-45 օր շուտ: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ Փոխանցում է 168․am-ը։

Հատկապես շատ տաք է եղել փետրվար ամիսը, այն Արարատյան դաշտի առանձին հատվածների և Երևան քաղաքի համար դարձավ ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում դիտարկված ամենատաքը: Մարտ ամսին նույնպես օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվել է 1-2 աստիճանով նորմայից բարձր, ինչը նշանակում է, որ ունենալու ենք մեր կլիմայական պայմանններին բնորոշից մի փոքր ավելի տաք մարտ, տեղումների քանակը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից ավել: Առաջիկա 5 օրերին, փետրվարի 4-8-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք իրենց հետ կբերեն ջերմաստիճանի աստիճանական բարձրացում՝ մոտ 5-6 աստիճանով: