Կոտայքի մարզի 67 համայնքներից և բնակավայրերից 27-ում կորոնավիրուսի դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնել են պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։ Գրում է «Հետք»-ը։

Մայիսի 8-ի դրությամբ Կոտայքի մարզում արձնագրվել է կորոնավիրուսի 362 դեպք, ինչը կազմում է հանրապետությունում գրանցված դեպքերի ընդհանուր թվի (3029) մոտ 12%-ը։ 362 վարակակիրներից 164-ն արդեն իսկ առողջացել է։ Արձանագրվել է 7 մահվան դեպք․ 4-ը՝ Չարենցավանում, 3-ը՝ Աբովյանում։ Մահացածներից երկուսը եղել են 69 տարեկան, մյուսները՝ 47, 66, 73, 78 և 89 տարեկան։

Պարետատան տրամադրած և «Հետքի» փոխանցած տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել Կոտայքի մարզի հետևյալ համայնքներում և բնակավայրերում՝ Չարենցավան, Հրազդան, Աբովյան, Եղվարդ, Աղավնաձոր, Նոր Հաճն, Ջրվեժ, Քասախ, Զովունի, Կոտայք, Արամուս, Առինջ, Զառ, Արզնի, Գողթ, Ակունք, Նոր Արտամետ, Նոր Երզնկա, Ալափարս, Ֆանտան, Բջնի, Մեղրաձոր, Պռոշյան, Գառնի, Մրգաշեն, Ողջաբերդ և Նոր Գեղի։

Պարետատնից խնդրել էինք տրամադրել նաև դեպքերի թիվն ըստ համայնքների, սակայն մեզ պատասխանել են, որ այդ տվյալներն «այս պահի դրությամբ առկա չեն»։

Կոտայքի մարզի 52 բնակիչ այժմ մեկուսացման մեջ է։

Ինչ վերաբերում է Կոտայքի մարզում գտնվող թվով 4 բժշկական կենտրոններին (Հրազդան, Աբովյան, Չարենցավան և Եղվարդ), ապա նրանցում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնություն և սպասարկում չի իրականացվում։