Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ համաքաղաքացիներ, իմ և Էջմիածնի քաղաքապետարանի դեմ սկսված էժանագին արշավի շրջանակներում այսօր հրապարակվել է մի տեսանյութ, որն, իբր, վկայում է այն մասին, որ մեր ընտանիքն էլեկտրաէներգիա է գողանում Վաղարշապատի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքից: Այս մեղադրանքն ու դա «հիմնավորող ապացույցն», իհարկե, ծիծաղելի են, սակայն անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը.

ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժանմունքն անմիջապես արձագանքել է տեսանյութին և այցելել «դեպքի վայր». այնտեղ որևէ լար չի հայտնաբերվել:

Առհասարակ, դժվար է փաստել, որ տեսանյութում մեր տունն է. դրանում միայն երևում են ծառեր, ինչ-որ տանիք, ինչ-որ բարձրահարկ տուն, որը, վստահաբար, մերը չէ և վերջ: Անգամ եթե ենթադրենք, որ տեսանյութում մեր տունն է, պարզ չէ, թե խնդրահարույց լարն ուր է գնում, ինչ նպատակի է ծառայում և որն է դրա վերջնակետը:

Առավել դժվար է փաստել, որ ցուցադրվող մյուս տարածքը Վաղարշապատի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի տարածքն է. երևում են միայն ինչ-որ թփեր, և որևէ իդենտիֆիկացնող առարկա բացակայում է:

Սենսացիա առաջացրած լարի մյուս կողմը, ինչպես երևում է տեսանյութում, ընկած է գետնին, մինչդեռ դրանով հոսանք տեղափոխելու դեպքում այն կանցներ օդով:

Այսպիսով, եթե անգամ ենթադրենք, որ իսկապես տեսանյութում երևում է մեր տունը կամ Վաղարշապատի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքը, այն անձը, որն անարգել մուտք էր գործել տարածք, կարող էր այդ լարը բերած լինել իր հետ՝ այս անհեթեթ շոուն կազմակերպելու համար:

Եթե մեր ընտանիքը «լույս գողանար», տրամաբանորեն մենք ընդհանրապես էլեկտրաէներգիայի գումար չէինք վճարի կամ կվճարեինք սիմվոլիկ մի քանի հազար դրամ: Ստորև հրապարակում եմ մի քանի ամսվա մեր կոմունալ վճարումների անդորրագրերը, որոնցից պարզ երևում է, որ տունը տաքացվում է գազով (օրինակ փետրվար ամսին սպառել ենք 73.000 դրամի գազ, մարտին՝ 62.000 դրամի գազ, ապրիլին՝ 25.000 դրամի գազ): Միևնույն ժամանակ, գազով տաքացվող տան համար փոքր չէ նաև էլեկտրաէներգիայի գումարի սպառումը (հունվար ամսին՝ 9000 դրամ, մարտ ամսին՝ 7000 դրամ): Պահպանվել են միայն այս անդորրագրերը, սակայն մեր լրատվականները ցանկության դեպքում կարող են դիմել և ստանալ մեկ կամ մի քանի տարվա վճարումների մասին տեղեկատվություն:

Սիրելինե՛րս, կարծում եմ արդեն բոլորի համար ակնհայտ է, թե ինչ անհեթեթ կեղծիք է փորձ արվել ներկայացնել ձեզ: Այս ամենը մեծ արշավի, ստի ու կեղծիքի մի դրսևորում է, որ վերջին շրջանում ուղղորդված պտտվում է իմ անվան ու գործունեության շուրջ: Այն մասին, թե ովքեր են կանգնած այս ամենի հետևում, մանրամասն և հանգամանալից կներկայացնեմ վաղը՝ ուղիղ եթերի ընթացքում: Մեզ վաղը շատ հետաքրքիր ու անկեղծ զրույց է սպասվում, բոլորիդ հորդորում եմ հետևել: Ժամի մասին կհայտարարեմ լրացուցիչ:

Սիրում եմ բոլորիդ, դուք իմ թիկունքն եք, որի ամրությունը զգալը կարևոր է արդյունավետ ու գործընկերային աշխատանքի համար»: