Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո ասել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատական պրոցեսը «բավականին գրգռված է և քաղաքականացված»։

«Ես, ինչպես և շատերը, չափազանց շահագրգռված եմ, որ Մարտի 1-ի հետ կապված հասարակության մեջ ձևավորված հարցադրումներին տրվի մաքսիմալ պատասխան, որպեսզի բաց կողմ չլինի և այն համապատասխան նստվածք չթողնի։ Երկրորդը՝ հարգում և գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը Արցախի և ՀՀ-ի անկախության ու կայունության գործընթացում։ Երրորդը՝ 2 տարի է՝ այս դատական պրոցեսը տևում է, և, հավանական է, որ շատ երկար ժամանակ կարող է տևել, այդ պատճառով միջնորդություն եմ ներկայացրել»,- ասել է Կարապետյանը։

Նախկին վարչապետի խոսքով՝ որևէ մեկը չի ասում «անմեղացրեք մեղավորին». ըստ Կարապետյանի՝ իրենք հորդորում են, հաշվի առնելով հանգամանքները, պրոցեսը կատարել այլ կերպ՝ խափանման միջոցը փոխելով։

Կարապետյանը նշել է նաև, որ չի պատրաստվում քաղաքականությամբ զբաղվել։ Նախկին վարչապետը ներկա Կառավարությանը հաջողություն է մաղթել, սակայն նշել, որ շատ հարցերում վերջիններիս հետ համակարծիք չէ։