ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ իր խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե նույնն անի ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Իմ քայլն» ունի հստակ դիրքորոշում առ այն, թե ինչ քաղաքական հետևանքներ պիտի ունենա ուրբաթ օրն ԱԺ-ում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև ծագած ծեծկռտուքը», - հայտարարել է Մակունցը: Այս մասին գրում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ մանդատները պատրաստ են վայր դնել նաև Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ նույնը կանեն նաև ԼՀԿ-ական Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը։

«Սա է մեր դիրքորոշումը։ Սա է արդարությունն ու քաղաքական հետևանքը, որը պետք է տեղի ունենա», - ասել է Մակունցը։

Մայիսի 8-ին խորհրդարանում միջադեպից հետո ԼՀԿ-ն չի մասնակցում ԱԺ նիստերին։ Ծեծկռտուքից հետո ԼՀԿ ղեկավարը հայտարարել էր, թե խմբակցությունը կլքի նիստերի դահլիճն ու չի վերադառնա, քանի դեռ տեղի ունեցածը չի արժանանա քաղաքական գնահատականի։

Կուսակցությունը նաև հայտարարություն է տարածել, որտեղ, ասվում է, թե «նոր ապացույցի կարիք չունեցող բռնությունը ոչ միայն միանշանակ չդատապարտվեց իշխանության կողմից, այլև արդարացվեց, լեգիտիմացվեց և խրախուսվեց ՀՀ թիվ մեկ քաղաքական պատասխանատուի մակարդակով»։