Եվրոպական երկրներն աստիճանաբար թուլացնում են սահմանափակումները, որոնք մտցվել էին COVID-19 կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Գերմանական «Deutsche Welle» պարբերականը գրում է, որ Գերմանիայի դաշնային բոլոր հողերում աստիճանաբար թուլացնում են սոցիալական շփման սահմանափակումները։ Սկսած մայիսի 11-ից թույլատրվել է առնվազն երկու տնային տնտեսությունների ներկայացուցիչների հանդիպումները։ Գերմանիայում բացվում են մեծ խանութները, որոշ շրջաններում նաև ռեստորանները։ Այդուհանդերձ, շարունակում է գործել հիգիենայի կանոնների պահպանման խիստ ռեժիմը։

Ֆրանսիայում մարդկանց նորից թույլատրվել է առանց անցագրերի դուրս գալ տներից։ Հանվել են սպորտով զբաղվելու և զբոսնելու սահմանափակումները։ Խանութները վերսկսել են աշխատանքը, իսկ ռեստորանները և սրճարանները շարունակում են մնալ փակ։ Բացառությամբ դպրոցների, հանրային մյուս հաստատություններում խստորեն պահպանվում են հիգիենայի և սոցիալական հեռավորության կանոններն ու պայմանները։ Այդուհանդերձ, ֆրանսիական իշխանությունները կոչ են անում հնարավորության դեպքում աշխատել տնից, որպեսզի քաղաքացիները խուսափեն ծանրաբեռնված հանրային տրանսպորտ նստելուց։ Կինոթատրոնները, խաղատները, լողավազանները, ֆիթնես կենտրոնները և քեմփինգի վայրերը փակ կմնան մինչև հունիսի սկիզբ։ Համանման գործողությունները Շվեյցարիայում մեկնարկել են մայիսի 11-ից։

Բելգիայում, հիգիենայի խիստ կանոնների պահպանման պարագայում, կրկին բացվել են խանութները։ Յուրաքանչյուր տնային տնտեսությանը թույլատրվում է հյուրընկալել մինչև չորս մարդու։ Սակայն այցելուները պետք է լինեն նույնը և այցելեն միայն տվյալ տնային տնտեսություն։ Երկրի ռեստորանները, սրճարանները և բարերը շարունակում են մնալ փակ։

Իսպանիան ԵՄ անդամ այն երկրներից մեկն է, որն ամենից շատն է տուժել կորոնավիրուսի պատճառով։ Երկրի բնակչության կեսին, երկու ամսվա մեջ առաջին անգամ, թույլատրվել է դուրս գալ տնից, սակայն սոցիալական հեռավորության խիստ պահպանման պայմաններում։ Ռեստորաններին, միայն բացօթյա պայմաններում, թույլատրվել է վերականգնել սահմանափակ քանակությամբ հաճախորդների սպասարկումը։ Ընտանիքի և ընկերների շրջանում կարող է հավաքվել մինչև 10 մարդ։

Սահմանափակումների թուլացումը տարածվել է Բալեարյան կղզիների, ներառյալ Մալյորկայի, Բասկերի երկրի և մի շարք այլ երկրամասերի վրա։ Միևնույն ժամանակ Մադրիդը և Բարսելոնան, փորձելով խուսափել համաճարակի երկրորդ ալիքից, շարունակում են մնալ կարանտինի մեջ։

Անգլիայում բոլոր այն անձանց, որոնք հնարավորություն չունեն աշխատել հեռավար, մայիսի 11-ից թույլատրվել է վերադառնալ աշխատավայրեր՝ պահպանելով հիգիենայի խիստ պայմաններն ու սոցիալական հեռավորությունը։ Մայիսի 13-ից, ընտանիքի անդամների շրջանում, թույլատրվել է զբոսանքն ու սպորտով զբաղվելը։ Մինչ այս Անգլիայի բնակչությանը օրական մեկ անգամ թույլատրվել է տնից դուրս գալ զբոսանքի և զբաղվել սպորտով։ Բնակչությանը թույլատրվել է նաև մեկնել ծովափ կամ էլ զբոսայգիներ։ Բոլոր այս մեղմացումները չեն տարածվել Մեծ Բրիտանիայի մյուս երկրամասերի՝ Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի վրա։

Նիդեռլանդներում, երկու ամիս տևած դադարից հետո, վերաբացվել են տարրական դպրոցները։ Սկզբնական փուլում դպրոցները կընդունեն միայն դպրոցականների կեսին։ Մանկապարտեզները, գրադարանները, վարսավիրանոցները, գեղեցկության սրահները և մերսման կենտրոնները վերսկսել են աշխատանքը։ Կրկին թույլատրվել է բացօթյա պայմաններում սպորտով զբաղվելը։

Նորվեգիայում վերաբացվել են նաև ավագ դպրոցները։ Վերջին երկու շաբաթներում դպրոց են հաճախել նաև առաջին և չորրորդ դասարանների աշխակերտները։ Ֆինլանդիայում դպրոցները կգործարկվեն մայիսի 14-ից։ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում բացվել են մանկապարտեզները և դպրոցները բոլոր այն երեխաների համար, որոնց ծնողները պետք է աշխատեն։ Դանիայում վերսկսել են աշխատել բոլոր մանրածախ խանութները, ներառյալ առևտրային կենտրոնները։ Համանման միջոցառումները սկսել են գործարկվել նաև Հունաստանում։ Իշխանությունների խոսքերով՝ աշխատանքի կարող է վերադառնալ աշխատավորների մինչև մեկ երրորդը։ Բացի այդ, Հունաստանում վերականգնվել է վերջին կուրսների ուսանողների ուսումնական գործընթացը։

Չեխիայում աշխատանքը վերականգնել են թանգարանները, պատկերասրահները, կինոթատրոնները և համերգասրահները։ Սրահներում թույլատրվում է մինչև 100 մարդու ներկայություն, որոնք պետք է պահպանեն սոցիալական հեռավորությունը։ Կրկին թույլատրվել է արտասահմանյան զբոսաշրջությունը, որոնց կարելի է մեկնել միայն ավտոբուսների, երկաթուղային տրանսպորտի և ինքնաթիռների միջոցով։ Արտասահմանցիների մուտքը Չեխիա շարունակում է մնալ փակ։

Լիտվան կրկին թույլատրել է ԵՄ քաղաքացիների և մուտքի վիզաներ ունեցող արտասահմանցիների մուտքը երկիր, սակայն վերջիններս ստիպված կլինեն անցնել երկշաբաթյա կարանտին։ Բացառություն կկազմեն միայն այն անձինք, որոնք պարբերաբար մեկնում են Լիտվա աշխատանքի նպատակով, Լեհաստանից ժամանող ուսանողներն ու գործարարները, ինչպես նաև Էստոնիայից և Լատվիայից ժամանածները։ Մայիսի 15-ից Բալթյան երկրները կբացեն միացյալ սահմանները։ Էստոնիայում բացվել են առևտրային կենտրոնները, ներառյալ այդտեղ գործող ռեստորանները և սրճարանները։ Առևտրի կենտրոնների կինոթատրոնները և խաղահրապարակները կշարունակեն մնալ փակ։

Սլովենիայում բացվել են մինչև 30 տեղ ունեցող հյուրանոցները, հանգստյան այգիները և քեմփինգի համար հատկացված տարածքները։ Խորվաթիայում վերսկսվել է բացօթյա ռեստորանների աշխատանքը, երկրում կրկին թույլատրվել են ճանապարհորդությունները։ Նորից բացվել են մանկապարտեզները և տարրական դպրոցները։