Այսօր աշխարհի մի շարք երկրներում նշվում է Բուժքույրերի միջազգային օրը: Մայիսի 12-ն ընտրվել է` ի պատիվ բուժքույրերի ծառայության հիմնադիր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրվա, և 1974 թվականից առիթն օգտագործվում է հումանիստական այս մասնագիտության տեր անձանց շնորհավորելու և կրկին երախտիքի խոսքեր հղելու համար:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր շնորհավորական ուղերձն է հղել բուժքույրերին․

«Սիրելի բուժքույրեր, շատ կարևոր է Ձեր առաքելությունը՝ հատկապես այս օրերին` ծանր ու պատասխանատու աշխատանքում: Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը, իմացեք, որ գնահատված եք: Դժվար է պատկերացնել բժիշկների աշխատանքն առանց բուժքույրերի, քանի որ հենց դուք եք բուժման ողջ ընթացքում անմիջականորեն աշխատում պացիենտների հետ: Այս նվիրումն է փրկում կյանքեր։

Վստահ եղեք, որ Ձեր հոգատարությունն ու ժպիտն ավելի քան պահանջված են պացիենտների ապաքինման ողջ ընթացքում:

Եղեք ամուր և, թող այս բարդ ու դժվարին օրերին լավատեսությունն ու համբերատարությունը Ձեզ չլքեն։

Մաղթում եմ քաջառողջություն, խաղաղ երկինք, ընտանեկան ջերմություն և նորանոր հաջողություններ»։