Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով հայտարարել է, որ Արթուր Ասատրյանը, ով առավել հայտնի է որպես Դոն Պիպո, ամեն կերպ փորձում է ոչ ֆորմալ կառավարել քաղաքը՝ հավելելով, որ դա նրա մոտ չի ստացվի։

Գասպարյանն Ասատրյանին մեղադրել է իր, իր ընտանիքի և քաղաքապետարանի դեմ քարոզչական արշավի մեջ։

«Կեղտոտ արշավն իրականացվում է Ասատրյանի հանձնարարությամբ, թողտվությամբ և հստակ ցուցումներով»,- ասել է քաղաքապետը։

Ըստ Գասպարյանի՝ պատճառը վարչական վարույթի հարուցումն է Արթուր Ասատրյանի կողմից իրականացվող ինքնակամ ապօրինի շինարարության դեմ։

Գասպարյանը նշել է, որ Ասատրյանը կարող է քաղաքապետարանին մուծել գումար (մոտ 36 մլն դրամ) և օրինականացնել ինքնակամ շինությունը։

Քաղաքապետը հայտնել է նաև, որ նույն անձը շինարարություն է սկսել հատուկ պահպնավող գոտում՝ Մայր տաճարի դիմաց, որի վերաբերյալ քաղաքապետին իր մտահոգությունն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսը։

«Չկա և չի լինելու անգամ մեկ մարդ, ով կարող է իրեն վեր համարել օրենքից, ով կարող է համարել, որ ինքն արտոնյալ է և ավելի շատ իրավունքներ ունի, քան ուրիշները»,- ասել է Էջմիածնի քաղաքապետը։