Մսամթերքի արտադրության ոլորտում օրենսդրորեն նախատեսված բոլոր բաղադրիչները մակնշելու և դրանց առնչվող խախտումները բացառելու հարցերն են քննարկվել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնյաներն ու մսամթերք արտադրող խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՍԱՊԾ-ը։

Թե՛ ծառայության վերահսկողության ընթացքում, թե՛ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրությունների համաձայն՝ արտադրվող որոշ մսամթերքներում արձանագրվել են բաղադրության և մակնշման անհամապատասխանություններ:

ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ներկայացրել է մակնշման առանձնահատկություններն այս ոլորտում և հորդորել արտադրողներին տրամադրել ամբողջական տեղեկատվություն օգտագործվող բոլոր բաղադրիչների մասին: Տնտեսավարողներից պահանջվել է իրենց կողմից ընդունվող հումքը ենթարկել լաբորատոր փորձաքննության, հակառակ դեպքում ծառայությունը պահանջելու է արտադրանքի իրացումը կասեցնել և կատարել համապատասխան փոփոխություն: Այս մասին նշել է Վահե Դանիելյանը։

Տնտեսավարողներին հանձնարարվել է հնարավորինս արագ ձեռք բերել օրենսդրության պահանջներին համապատասխան մակնշման նոր պիտակներ, իսկ մինչ այդ նախկինում տպագրված պիտակների մնացորդային քանակներն օգտագործել բացառապես կրկնապիտակով՝ ապահովելով պահանջվող տեղեկատվությամբ: