Մայիսի 12-ի առավոտից մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում Կենտրոնական բանկի դիմաց։ Ոստիկանները հեռացրել են շենքի մոտից բողոքող քաղաքացիներին, կան բերման ենթարկվածներ։ Այս մասին գրում է Aysor.am-ը։

Ակցիայի մասնակիցները փակել են ոստիկանության մեքենայի դիմացը՝ թույլ չտալով ոստիկանության բաժանմունք տեղափոխել քաղաքացիներին։ Սկսվել է հրմշտոց, քաշքշուկ, գրում է «Պանորամա»-ն։

Ակցիան անցել է «Ոչ վարկային կազմակերպություններին» կարգախոսով։ Հավաքվածները դժգոհել են վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի բարձր տոկոսադրույքներից և հանդիպում պահանջել բանկի ներկայացուցիչների հետ։

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն ասել է․

«Բյուջեի կատարողականն ԱԺ-ում սխալ ա զեկուցվում։ Զեկուցում են, թե 300 միլիարդ ուղղվել է գյուղատնեսությանը, բայց այդ գումարները մանիպուլյացիաներով դարձրել են առևտրային բանկերի սեփականություն։ Ես չեմ ասում` իմ ու մյուսի հարցը լուծեք, ասում եմ` համակարգն ավելի արդյունավետ դարձրեք, որ քաղաքացին չուզենա գնալ երկրից»։

Կենտրոնական բանկը խստորեն դատապարտել է քաղաքացի Մանուել Մանուկյանի և իր համախոհների կողմից կազմակերպված, միտումնավոր ուղղորդված գործողությունները և նախազգուշացրել, որ օրենքով սահմանված կարգով դիմելու է պատկան մարմիններին՝ «քաղաքացու կողմից հակաիրավական և հասարակական կարգի խախտմանը միտված գործողությունների, ինչպես նաև սադրիչ հայտարարությունների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով»։

«Ֆինանսական կազմակերպությունների կողմից վարվող վարկային քաղաքականության դեմ վարվող պայքարի քողի տակ՝ նշված անձանց կողմից արվում են իրականությանը չհամապատասխանող, միևնույն ժամանակ քաղաքացիներին ակնհայտ մոլորեցնող հայտարարություններ և կոչեր, որոնք հուզական ֆոն ստեղծելով դրդում են որոշ քաղաքացիների հնչեցնել բռնության կոչեր»,- ասվում է ԿԲ հայտարարության մեջ: