ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանի հասցեին բռնության սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է։

Պատգամավորի հաղորդման հիման վրա ոստիկանությունը պարզվել է, որ «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանը նախաձեռնության այլ անդամների հետ ակցիա է իրականացրել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ, որի ընթացքում՝ հանդիպելով Բաղդասարյանին, նրանից պահանջել է դեմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը:

Ազգային ժողովի նիստի ավարտից հետո Ալեքսանյանը Բաղրամյան պողոտայում հետապնդել է պատգամավորին, և պարզելով, որ վերջինս կողմ է քվեարկել կոնվենցիայի վավերացմանը, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա հետ:

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, բռնություն գործադրելու սպառնալիք տալու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով (պատժվում է տուգանքով կամ կալանքով` առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով)։

Դատախազի ցուցումով Արթուր Ալեքսանյանը ձերբակալվել է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: