ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք: Նա Պետդեպին հանձնարարել է դիվանագիտական ներկայացուցչությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ: «Այսօրվա որոշումը ոչ այլ ինչ է, քան իրականության ճանաչումը», ասել է նա:

Արաբական աշխարհը, Եվրոպան, այլ պետություններ Թրամփին կոչ էին անում չանել դա, զգուշացնելով անդառնալի հետևանքներից: Բայց Թրամփն անդրդվելի էր և կատարեց իր խոստումը: Նրա հայտարարության մեջ առանցքային պահ կար՝ «Այսօրվա որոշումը ոչ այլ ինչ է, քան իրականության ճանաչումը»: Իրականությունն այն է, որ Իսրայելը «աբսորբացրել» է Սուրբ քաղաքը, համառ ու նպատակասլաց աշխատանքով, այդպիսով փաստի առջև կանգնացնելով աշխարհին: Դե ֆակտո իրականությունը փաստացի դառնում է դե յուրե ճանաչում, աշխարհի թիվ մեկ գերտերության կողմից:

Իհարկե Իսրայելի հույսը դա չէ, այն իմաստով, որ այդպիսով ավարտվում են Երուսաղեմի մասով խնդիրները: Ավելին, գուցե իրավիճակն իսկապես լարվի, խնդիրներն ավելի բարդանան, սակայն պետությունը պետություն է նրանով, որ կարողանում է իր համար կենսական տարածքներ ստեղծել և պահել դրանք:

Անցյալ ամիս Թրամփն «իրավարար» վճիռ էր կայացրել Ղարաբաղի ներկայիս սահմանները փաստացի ճանաչելու մասով, որին միացան Ռուսաստանը, Եվրամիությունն ու շահագրգիռ այլ երկրներ ու կառույցներ: Ղարաբաղի անկախ գոյությունն անհնար է անտեսելը, և թիվ մեկ գերտերությունն արձանագրեց այդ հանգամանքը:

Ղարաբաղի խնդիրներն իհարկե դրանով չեն ավարտվում, ավելին, մեծանում են մարտահրավերները, մեծանում է պատասխանատվությունն ու համարժեք քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը և միաժամանակ՝ հնարավորությունները: Այս ճանաչմանը բերեց հայկական զինուժի հերոսական դիմադրությունը ապրիլյան պատերազմում, Հայաստանի ու Արցախի քաղաքական ղեկավարության, քաղաքական դասի հանցավոր գործունեության, հանրային-պետական կառավարման դեգրադացիայի բարդ իրավիճակում:

Մարտահրավերն ու համարժեքությունն այստեղ է՝ ապացուցել, որ Հայաստանը այն երկրների շարքում է, որոնք կենսական տարածք են ստեղծում իրենց համար, պահելով այն ու մասնակցելով նոր աշխարհակարգի կերտմանը: