Թռիչքների սահմանափակման մասին Եվրամիության վերջնական զեկույցը Քաղավիացիայի կոմիտեին կտրամադրվի մայիսի վերջին։ Այս մասին հայտնում են ՔԱԿ-ից։

Այս մասին հայտնի է դարձել Եվրոպական անվտանգության թիմի առցանց նիստի ժամանակ, որին մասնակցել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները՝ կոմիտեի նախագահի գլխավորությամբ, ինչպես նաև «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «ԱՐՄԵՆԻԱ» Էյրվեյզ», «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Արմենիան Հելիքոփթերս» և «Սքայբոլ» օդանավ շահագործողի վկայական կրող ընկերությունների ներկայացուցիչները։

Կոմիտեից նշում են, որ հորդորել են Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությանը վերանայել հայկական 2 ավիաընկերության՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու սահմանափակման մասին որոշումը և հնարավորություն տալ ավիաընկերություններին տրամադրել անվտանգության մակարդակը հավաստող լրացուցիչ ապացույցներ:

Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ-ում թռիչքային անվտանգության ոլորտում իրավիճակը, նշանակալի փոփոխությունները, 2019թ-ի նոյեմբեր ամսվա լսումներից հետո կատարված հստակ քայլերը և հետագա կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունները։