Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական նիստը հետաձգվել է մինչև հունիսի 19-ը։ Այս մասին փոխանցում է Sputnik Armenia-ն։

Փաշինյանը դատարան չի ներկայացել, նրա շահերը դատարանում ներկայացրել է փաստաբանը` Գևորգ Գյոզալյանը: Դատարան չեն եկել նաև Թովմասյանն ու նրա փաստաբանը․ նրանք փոխարենը գրավոր միջնորդություն են ներկայացրել նիստը հետաձգելու վերաբերյալ՝ հաշվի առնելով համաճարակային իրավիճակը:

«Բոլորիս համար փաստ է, որ ՀՀ-ում հայտարարված է արտակարգ դրություն, և այդ առիթով խրախուսվում է մնալ տանը` չվարակվելու ու այլ անձանց չվարակելու համար»,- միջնորդությունը ներկայացնելով` ասել է դատավոր Գայանե Խաչատրյանը:

Փաշինյանի փաստաբանը, սակայն, հայտարարել է, որ միջնորդություն չի ստացել ոչ փոստային առաքմամբ, ոչ էլ էլեկտրոնային փոստով, ինչը, իր բնորոշմամբ, օրենքի կոպիտ խախտում է:

«Ես միանշանակ առարկում եմ ու խնդրում եմ հայցվոր կողմին զգուշացնել իրենց իրավունքներից բարեխիղճ օգտվելու մասին: Հակառակ պարագայում դուրս է գալիս, որ մարդիկ միջնորդություն են ներկայացրել դատարան, օրենքը կոպիտ խախտել են, և գործի քննությունը հետաձգվում է»,- ասել է Գյոզալյանը: