Բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքանակը հանձնվեց Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացոին ծառայության աշխատակիցները անձամբ հասցրին վկայագրերը բնակավայրեր։

Միգրացիոն ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ընդհանուր հանրագումարով 796 միլիոն 835 հազար դրամի վկայագիր արդեն բաժանվել է շահառուներին։

2019թ-ի նոյեմբերի 21-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2019թ-ի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018թ-ի դեկտեմբերի 27-ի N1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» որոշումները։

Այդպիսով, Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 112 ընտանիքներին տրամադրվում են բնակարանի գնման վկայականներ։ Մասնավորապես, ծրագրի իրականացման համար հատկացվել է մոտ 1,5 մլրդ դրամ։ Վկայագրի միջոցով բնակարանի ձեռքբերման ժամկետը սահմանվում է 1 տարի։

1988-1992թթ-ին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման աշխատանքները, հաշվի առնելով պահանջվող ֆինանսական միջոցների բավականաչափ մեծ ծավալը, տարանջատվել են ըստ առաջնահերթության: ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունն առաջնորդվել է ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների (Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ), և ընդգրկել է մասնավոր սեփականություն հանդիսացող, սակայն Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների կողմից զբաղեցրած կացարանները: Մասնավոր սեփականություն հանդիսացող կացարանների («Սեբաստիա» հյուրանոց, «Նաիրի» հյուրանոց, «Ինտերռիմինի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հանրակացարան) ընդգրկումը պայմանավորված է այս ընտանիքների անօթևանության մեջ հայտնվելու ամենօրյա վտանգով, քանի որ այդ ժամանակավոր կացարաններից սեփականատերերի կողմից ազատման պահանջ ներկայացվելու դեպքում այդ ընտանիքների պաշտպանվածության իրավական արդյունավետ մեխանիզմները բացակայում են: Արդյունքում, Երևան քաղաքի վարչական շրջաններում հերթականությամբ ամբողջությամբ և վերջնականապես լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը: