Մայիսի 18-ից Վրաստանի Մառնեուլի շրջանն այլևս չի լինի կարանտինային գոտի։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան։

Արդեն մայիսի 14-ից չեղարկվել է Ռուսթավի և Գարդաբանի քաղաքներ ելումուտի սահմանափակումը, գրում է Sputnik Georgia-ն։

«Այսօր ամբողջությամբ հանվում են Ռուսթավի և Գարդաբանի մուտքի ու ելքի սահմանափակումները։ Մառնեուլի շրջանը մայիսի 18-ից այլևս չի լինի կարանտինային գոտի և այդ շրջանի բնակիչները կկարողանան անարգել տեղաշարժվել, ինչպես երկրի մյուս քաղաքացիները»,- ասել է Գախարիան։

Վրաստանում մայիսի 18-ից չեղարկում են նաև 3 հոգուց ավելի չհավաքվելու արգելքը՝ ինչպես դրսում, այնպես էլ փակ տարածքներում։ Վարչապետը հայտարարել է նաև, որ մայիսի 18-ից կբացվեն գեղեցկության սրահները, բայց պարետային ժամը, որը գործում է 21։00-6։00-ն, դեռ կմնա։