«Սարյան» արվեստի ստուդիայի սաների «Իմ աշխարհը» ցուցահանդեսը կբացվի մարտի 10-ին, ժամը 14:00-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 7-ը: Մուտքն ազատ է: Այս մասին հայտնում են Մշակույթի նախարարությունից։

Ներկայացվեն ստուդիայի սաների աշխատանքները։ Սպասվում է «Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմի դիտում (ֆիլմը նկարահանվել է 1965թ․-ին, «Հայֆիլմ» կինոստուդիայում, ռեժիսոր՝ Լ. Վաղարշյան, տեքստի հեղինակ՝ Ի. Էրենբուրգ, երաժշտության հեղինակ՝ Ղ. Սարյան), ինչպես նաև կկայանա սաների պատվոգրերի հանձնման արարողությունը:

«Սարյան» արվեստի ստուդիան արվեստի եզակի կենտրոն է, որը գործում է թանգարանի ներսում՝ ինտերակտիվ, կրթաճանաչողական և ժամանցային մեթոդներով դասընթացներ կազմակերպելով: Ստուդիայում կարող են ուսանել 5 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները:

Դասավանդման հիմնական ուղղություններն են՝ նկարչություն, արվեստի պատմություն, գոբելեն: Դասընթացները բաղկացած են տեսական և գործնական պարապմունքներից, որոնց շրջանակներում կազմակերպվում են այցեր թանգարաններ, արվեստի կենտրոններ, ժամանակակից նկարիչների և քանդակագործների արվեստանոցներ, հուշարձաններ և այլն: