Արցախի ոստիկանության կողմից 2020թ-ի մայիսի 13-ից տեղադրվել են հատուկ անցակետեր՝ Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Յանշաղ կոչվող տեղամաս տանող խաչմերուկում, Քնարավան գյուղից Նոր Խարխափուտ տանող ճանապարհին։

Հատուկ անցակետեր են տեղադրվել նաև Մարտակերտ-Վարդենիս ճանապարհից Քնարավան գյուղ տանող խաչմերուկում, Մարտակերտ-Վարդենիս ճանապարհից Չափնի գյուղ տանող ճանապարհին։

«Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցների Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Չարեքտար, Նոր Էրքեջ, Դադիվանք, Եղեգնուտ, Նոր Խարխափուտ, Քնարավան և Հավսաթաղ համայնքներում կանգ առնելը բացառելու և արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված, անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման նպատակով, ԱՀ ոստիկանության կողմից սահմանվել են վերակարգեր»,- ասվում է ԱՀ ոստիկանության հայտարարության մեջ։