Արտակարգ դրության ժամկետը ևս 30 օրով երկարաձգելը հակասում է գործող օրենքին և քաղաքական նպատակներ է հետապնդում։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նա նշել է, թե «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի սահմանմամբ՝ ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը, իսկ նույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է, իսկ եթե մինչ այդ չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար։

Ըստ նրա՝ արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել ՀՀ կառավարության որոշմամբ` օրենքով սահմանված կարգով և նշված հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով: Մարուքյանի խոսքով՝ այդ հոդվածով հստակ սահմանվում են այն առավելագույն ժամկետները, որոնցից ավելի չի կարող շարունակվել արտակարգ դրության գործողությունը․ դրանք են 30 օր՝ ՀՀ ամբողջ տարածքում և 60 օր՝ Հանրապետության առանձին տարածքներում։

Մարուքյանը նշել է, որ արտակարգ դրության ժամկետի երկարացումը չի կարող կատարվել առավելագույնը 30 կամ 60 օրով, այլ կարող է երկարացվել այնքան, որ արտակարգ դրության գործողության ընդհանուր տևողությունը չգերազնացի հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն ժամկետները՝ համապատասխանաբար 30 կամ 60 օրը։

Պատգամավորի խոսքով՝ գործող օրենքում անհրաժեշտ է առանձին կարգավորում՝ այս դեպքի համար, և այն չկա։

Ըստ նրա՝ օրենքում առկա «եթե մինչև նշված ժամկետների ավարտը» ձևակերպումը չի վերաբերում հենց 30 և 60 օրվան, քանի որ ամենևին պարտադիր չէ, որ արտակարգ դրությունը սահմանվի կոնկրետ այդ ժամկետներով, այլ կարող է սահմանվել օրինակ՝ 15, 20, 25 օրով։