Wizz Аir ավիաընկերության հետ քննարկումներ են ընթանում հունիսին թռիչքները վերսկսելու վերաբերյալ։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Ըստ նրա՝ դա հնարավոր կլինի հունիսի կեսից, և կախված կլինի իրավիճակից, իսկ մինչ այդ պլանավորվում է հունիսի կեսերից բացել օդային տարածքը:

«Եկող քաղաքացիներին, արդեն իսկ, ուղարկում ենք ինքնամեկուսացման: Այսինքն՝ վաղվանից այդպես ենք սկսելու անել և էֆեկտիվորեն հետևելու ենք, որ նրանք պահպանեն ինքնամեկուսացման ռեժիմը, և անպայմանորեն տուգանելու ենք այն անձանց, ովքեր այդ ռեժիմը խախտում են»,- ընդգծել է փոխվարչապետը:

Ինչ վերաբերում է ցամաքային սահմանային անցակետերի բացմանը, ապա, ըստ պարետի՝ այդ հարցը դեռ չի քննարկվել։ Ավինյանը հավելել է, որ այդ հարցով մշտական կապ է պահպանվում հարևան երկրների հետ։