ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով փոխվարչապետ Տիրգան Ավինյանին խորհրդարանում ասել է․

«Դիմակների գինը 200-240 դրամ է, լինելո՞ւ է վերահսկողություն, որ միջինացված, ռացիոնալ և ադեկվատ գին լինի, ինչպես նախկինում»։

Պատգամավորը նշել է, որ պետք է 50-60 դրամ լինի միաշերտ դիմակը.

«Եթե մարդն անընդհատ դիմակ պիտի կրի և ենթադրվում է, որ 3 ժամը մեկ պետք է փոխի, չե՞ք կարծում, որ գնային հստակ վերահսկողություն պետք է լինի»։

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Ավինյանն ասել է, որ դիմակների շուկան բավականին ազատականացված է. դիմակներ և՛ ներմուծվում են, և՛ արտադրվում ՀՀ տարածքում։

«Բավականին մեծ քանակով դիմակներ կան, և մենք մի շատ կարճ շրջան ունեցանք դիմակների դեֆիցիտ։ Հիմա համաձայն եմ, որ գները էականորեն աճել են, բայց դա միայն ՀՀ-ում չէ այդպես։ Եվ համոզված եմ, որ գների բարձրացումը պայմանավորված է շուկայով։ Ակնհայտորեն բոլոր տեղերում դրա կարիքը կա։ Մենք կարող ենք անդրադառնալ գնային հարցերին, ոչ թե կարգավորման տեսանկյունից, այլ որոշակի մեխանիզմներով դրանք իջեցնելուն ուղղված»,- նշել է Ավինյանը։

Բացի այդ, Ն. Զոհրաբյանն ասել է, որ հունիսի 1-ից եվրոպական որոշ երկրներ բացելու են իրենց օդային տարածքները.

«Արդյո՞ք գործելու է երկշաբաթյա կարանտինը, էլի մարդկանց մեկուսացնելո՞ւ ենք։ Գուցե լինի հրահա՞նգ, որ այդ մարդիկ արդեն թեստեր անցած գան երկիր և տնային պայմաններում ինքնամեկուսանան»։

Ավինյանը պատասխանել է, որ հունիսի կեսերից է պլանավորվում օդային ուղևորափոխադրում իրականացնել։

«Մենք արդեն իսկ երկիր մուտք գործող քաղաքացիների ուղարկում ենք ինքնամեկուսացման, վաղվանից այդպես ենք անելու, և հետևելու ենք, որպեսզի նրանք պահպանեն ինքնամեկուսացման ռեժիմը, և անպայմանորեն տուգանելու ենք այն անձանց, ովքեր ռեժիմը կխախտեն»,- հայտնել է Ավինյանը։