ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով քաղաքացիներին կոչ արեց պատրաստվել երկարատև պայքարի:

«Մեզ անհրաժեշտ է արտակարգ դրության ռեժիմը, որպեսզի մենք կարողանանք մեր վարքագծի կանոնները շարունակենք կիրառել, չնայած որ բազմաթիվ սահմանափակումներ հանվել են: Արտակարգ դրությունը մեր գործողությունների և բնակչության առողջության պահպանմանը միտված հիմք է: Հնարավոր է վաղն ունենանք այլ լուծումներ, բայց այս պահին արտակարգ դրության շարունակումը հրամայական է»:

Չնայած վարակակիրների թվերն աճում են, այսուհանդերձ, նախարարը նշել է, որ անցնելու ենք տնային բուժման պայմաններին:

«Մենք արդեն հաստատված դեպքերի կոնտակտներին չենք մեկուսացնում հյուրանոցային վայրերում: Նրանք գնում են ինքնամեկուսացման: Եթե մենք ամեն օր ունենանք նոր 150 դեպք և դուրս գրված 70-80 դեպք, ապա մենք հավանաբար 7-10 օրվա ընթացքում ասիմպտոմ մեր քաղաքացիներին հյուրանոցներից դուրս ենք գրելու և խնդրելու ենք բուժման ընթացքն անցկացնել տներում»,- ասել է Թորոսյանը:

Նրա խոսքով՝ եթե անձը լքում է ինքնամեկուսացման վայրը, ապա վտանգվում ենք բոլորս: Հետևաբար կարևորում է, որ հանրության աչալրջությունը: Բացի այդ, այս մասով՝ վարակի չտարածման համար ներդրվելու են նոր մեխանիզմներ՝ շրջիկ խմբեր, ոստիկանություն և այլն:

«Հիվանդանոցներում կմնան առավել բշժկական կարիք ունեցող քաղաքացիները, դրանք մոտավորապես վարակվածների 30 տոկոսն են»,- հավելել է նախարարը:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ պարբերաբար կապի մեջ է օտարերկրյա գործընկերների հետ և եկել են այն եզրահանգման, որ այս իրավիճակը երկար կձգվի.

«Նույնիսկ, եթե հայտնաբերվի դեղամիջոցը կամ պատվաստանյութը, միևնույն է կորոնավիրուսային համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ քան հինգ տարի հետո»:

Հետևաբար Թորոսյանը մեր համաքաղաքացիներին հորդորել է լրջանալ և մատների արանքով չնայել իրավիճակին: Հետևել կանոներին և պատրաստվել երկարատև պայքարի: