ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում մանրամասն ներկայացրել է այսօրվանից գործող սահմանափակումները․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։

Մասնավորապես՝

- Վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը: Նշեմ, որ hանրային տրանսպորտով երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով:

- Վերաբացվելու են առևտրի իրականացման վայրերը:

- Հանվելու է հանրային սննդի ոլորտում միայն բացօթյա տարածքում գործունեություն իրականացնելու սահմանափակումը:

- Մարզասրահների աշխատանքի արգելքը նույնպես կհանվի:

- Վերաբացվելու են բացօթյա պատմամշակութային վայրերը:

- Հանվելու է մշակութային ստեղծագործական խմբերի գործունեության սահմանափակումը, սակայն բացառապես փոքր խմբերով փորձերի համար:

- Թույլատրվելու է նախադպրոցական կրթությունը, այսինքն մանկապարտեզները կկարողանան գործել:

Կանոններ

- Վերաբացվող բոլոր ոլորտների համար սահմանվելու են հստակ անվտանգության կանոններ, որոնց պահպանմամբ է միայն հնարավոր գործունեության իրականացումը:

- Պարտադիր է լինելու մարդկանց մոտ պաշտպանիչ դիմակի առկայությունը հանրային բաց տարածքներում:

- Հանրային միջոցառումներին մասնակիցների քանակը սահմանվելու է առավելագույնը 5 հոգի:

Կանոնները չպահպանելու դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ»։