Մայիսի 20-ից վերաբացվելու են Երևանի մանկապարտեզները։

Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն՝ անդրադառնալով մանկապարտեզների աշխատանքի վերսկսմանը, նշել է, որ առաջնահերությունը տրվելու է այն երեխաներին, որոնց ծնողները երեխաների խնամքը տանը չեն կարողանում ապահովել.

«Մանկապարտեզ գալու առաջնահերթություն են ունենալու այն երեխաները, որոնց ծնողներն աշխատում են։ Աշխատում է միայն մայրը կամ սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ են», - քիչ առաջ կայացած ասուլիսին նշել է Վիրաբյանը։

Քաղաքապետի տեղակալի փոխանցմամբ՝ նախնական 161 մանկապարտեզների կողմից 31 հազար ծնողների հարցումներ են արվել։ Նրանցից մոտ 11 հազար ծնող ցանկություն է հայտնել երեխային բերել մանկապարտեզ։

Այժմ քննարկվում է մանկապարտեզներում երկարօրյա խմբեր ունենալու հարցը։ Ըստ Վիրաբյանի՝ դեռևս հստակ որոշում չկա։

Տիգրան Վիրաբյանը բացառել է երեխաների ծնողների մուտքը մանկապարտեզ։ Մանրամասնեց, որ դաստիարակները հեռավար ջերմաչափելու են երեխային, եթե համոզվելու են, որ երեխան ջերմություն չունի, նրան ընդունելու են մանկապարտեզ։

«Մանկապարտեզների խմբերում լինելու է 8-10 երեխա։ Այսինքն՝ մենք կարողանալու ենք անվտանգության բոլոր կանոնները պահպանել։ Մանկապարտեզում հրաժարվելու ենք այն խաղատեսակներից և խաղալիքներից, որոնց վրա կարող է վարակը երկար մնալ։ Հրաժարվելու ենք այն միջոցառումներից, որոնք ենթադրում են երեխաների սերտ շփում»,-ասել է Տիգրան Վիրաբյանը։

Վիրաբյանի փոխանցմամբ՝ մանկապարտեզների աշխատակցիների 20-22 %-ը գտնվում է ռիսկային խմբում։ Նրանք չեն հաճախելու աշխատանքի և շարունակվելու են ամբողջ աշխատավարձը ստանալ։ Իսկ այն աշխատակիցները, ովքեր չեն ցանկանա հաճախել աշխատանքի, կվճարվեն հարկադիր պարապուրդի համար։

Քաղաքապետի տեղակալը վստահեցրեց, որ այս օրերին մանկապարատեզներում աշխատանքի հաճախող աշխատակիցներին հավելյալ խրախուսելու համար ֆինանսական միջոցներ են գտնելու։

Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ այսօր և վաղը Երևանի բոլոր մանկապարտեզներում իրականացվելու են ախտահանման աշխատանքներ։ Ախտահանումը կշարունակվի ամեն օր, մինչ վարակը կվերանա։

Մանկապարտեզների աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար քաղաքապետարանը մեկ ամսվա համար պատվիրել է 160 հազարից ավելի դիմակ և մի քանի հազար լիտր ալկոգել։ Տիգրան Վիրաբյանն ընդգծել է, որ աշխատակիցները պարտավոր են լինելու մանկապարտեզում կրել դիմակներ և պահպանել անվտանգության կանոնները։

«Ես չեմ խորշում ասել, որ սա մեզ համար փորձություն է, պիտի կարողանանք լավագույնս հաղթահարել այն։ Այն աշխատակիցները, որոնք չեն ենթարկվի այս կանոններին, կվտանգեն երեխաների, երեխաների ընտանիքների կյանքերը, այդ աշխատակիցներից շատ արագ կազատվենք»,-նշել է Վիրաբյանը։

Ըստ նրա՝ մանկապարտեզների սննդի որոշ տեսակներ մատակարարվելու են փաթեթավորման փոփոխությամբ, որով առավել անվտանգ կլինեն։