ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված փաստաթղթերի հիման վրա Գլխավոր դատախազությնում ուսումնասիրվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում պետության կարիքների համար 2019թ. տրանսպորային վառելիքի ձեռքբերման գործընթացը:

Պարզվել է, որ տեսչական մարմինը «Պետության կարիքների համար ապրանքի մատակարարման» պայմանագրով միևնույն ընկերությունից 2019թ. ապրիլին և հոկտեմբերին նույն տարվա համար ստացել է 6620 լ և 9930 լ ռեգուլյար բենզինի կտրոններ: Տեսչական մարմնի ղեկավարի կողմից այդ կտրոնները սահմանված չափաբաժիններով հատկացվել են համապատասխան աշխատակիցներին։

Մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից 2019թ. նոյեմբերի 28-ին արձանագրվել է 1870 լիտր բենզինի կտրոնների պակաս։ Դրա մասին տեղեկացվելուց հետո 2020թ. փետրվարի 17-ին նույն տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալի՝, 2019թ. օգոստոս- սեպտեմբեր ժամանակահատվածում տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատարի կողմից ներկայացվել է նույն չափով բենզինի կտրոններ՝ «ուժի մեջ է առ 31.12.2020թ» նշագրմամբ։

Մինչդեռ, պարզվել է, որ տեսչական մարմնի 2019թ. կարիքների համար ստացված բենզինի կտրոնների վրա չի եղել 2020թ. ուժի մեջ լինելու նշագրում, ինչը ողջամիտ կասկած է առաջացրել, որ 2020թ փետրվարի 17-ին ներկայացված կտրոնները նույնական չեն պակասող կտրոնների հետ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ յուրացման եղանակով 2019թ. ընթացքում խոշոր չափերի՝ մոտ 620,000 ՀՀ դրամի 1870 լիտր բենզինի հափշտակման վերաբերյալ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խոշոր չափերի յուրացնելը կամ վատնելը`պաշտոնեական դիրքի օգտագործմամբ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (պատժվում է տուգանքով կամ կամ ազատազրկմամբ`առավելագույնը 3 տարի):

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: