Հին գվարդիայի գեներալներից մեկի՝ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունը լայն քննարկման թեմա է Հայաստանի մեդիայում ու քաղաքական շրջանակներում: Եվ դա բնական է՝ Բաղմանյանը նշանային ֆիգուր էր ոչ միայն Զինված ուժերում, այլև իշխող համակարգում:

Նրա ազատման պաշտոնական տեղեկությունն առաջինը հայտնեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա ասաց, որ Բաղմանյանն ազատման զեկուցագիր է գրել իր հորդորով, աշխատանքային պարտականությունների հարցում թերացման համար, ինչն անհամատեղելի է հետագա համատեղ աշխատանքի համար:

Շատերն ճիշտ նկատեցին, որ բարձրանում էր Վիգեն Սարգսյանի կշիռը։ Նրա խոսքերից ստացվում էր, որ Բաղմանյանի պես ֆիգուրին իր հորդորով են հեռացնում բանակից, թեև հասկանալի է, որ այդ ամենի թիկունքին կանգնած է Սերժ Սարգսյանը:

Պաշտոնանկությունից հետո տարբեր վարկածներ են շրջանառվում՝ սկսած ներքին ինտրիգներից, վերջացրած աշխարհքաղաքական նոր իրավիճակում հայկական բանակի նոր ռազմա-քաղաքական դերակատարության պահանջներից: Բոլոր այս վարկածներն անշուշտ արտահայտում են իրականությունը:

Այս համատեքստում, պետք է ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի վրա, որ Բաղմանյանի պաշտոնանկությունից հետո Մեդիամաքսին հարցազրույց տվեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: Դա ոչ այլ ինչ էր, քան իր և բանակի անունից հավատարմության երդում Վիգեն Սարգսյանին ու նրա նախագծերին: Այն վերնագրված էր այսպես՝ «Բանակն ընդունել է Վիգեն Սարգսյանին որպես առաջնորդ»: Ըստ էության, հարցազրույցը գրված էր հենց այս առանցքային արտահայտության համար:

Վիգեն Սարգսյանի ու իր նախագծերի հանդեպ հանրության ու հատկապես զինվորականության շրջանում ոչ միարժեք վերաբերմունք կա: Բացի այդ, Սահմանադրությամբ ԶՈՒ Գլխավոր շտաբը բավական «անկախ» է նախարարից, որը քաղաքացիական անձ է և զբաղվում է ռազմավարական պլանավորման աշխատանքներով: Իսկ ԶՈՒ անմիջական կառավարումն իրականացնում է Գլխավոր շտաբը:

Վիգեն Սարգսյանի պարագայում ըստ ամենայնի Գլխավոր շտաբում «բունտային» իրավիճակ էր՝ չէր ճանաչվում Վիգեն Սարգսյանի «առաջնորդության ճանաչումը» թե՛ Սահմանադրության, թե՛ այլ՝ «ռազմա-քաղաքական» իրողությունների բերումով:

Հայաստանում աշխատանքում թերանալու, կոռուպցիայի, մարդ սպանելու համար աշխատանքից չեն ազատում, ասում էր Թոխմախի Մհերը: Իսկ Մովսես Հակոբյանը, ում պաշտոնանկության մասին նույնպես մամուլը տևական ժամանակ նույնպես գրում է, բանակի հավատարմությունը հայտնեց Վիգեն Սարգսյանին: Այսպիսով, կարելի է ասել՝ Սերժ Սարգսյանը ավարտին հասցրեց բանակի «վերաֆորմատավորումը»: