«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է հետադարձ ուժ տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում» փոփոխությունների նախագծին, որով ազատ տեղաշարժման սահմանափակումները խախտելու համար նախկինում սահմանված 100-250,000 դրամը վերանայվել է և դարձել 10,000 դրամ։

ԲՀԿ-ն առաջարկում է նախագծի երկրորդ քննարկման ժամանակ ամրագրել, որ նախկինում տեղաշարժի թերթիկ չունենալու պատճառով տուգանված քաղաքացիների տուգանքի չափը ևս վերանայվի՝ սահմանվելով 10,000 դրամ։ Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ընդգծել է, որ կողմ է երկրորդ ընթերցման մեջ ամրագրելուն տեղաշարժի թերթիկի բացակայության դեպքում տուգանված քաղաքացիներին ևս այս կարգավորումների մեջ հետադարձ ուժով ընդգրկումը:

«Մենք ամբողջութամբ համաձայն ենք այդ առաջարկի հետ, որ պետք է հետադարձ ուժ կիրառել և այս օրենքի կարգավորումները կիրառել նաև հարյուր հազար տուգանքի վրա: Այդ անձինք պարտավորված կլինեն տասը հազար դրամ վճարել, եթե դեռ չեն վճարել», - ասել է փոխնախարարը։

Նա հավելել է․

«Պետք է հնարավորություն ունենալ պետբյուջեից գանձել այդ գումարը և հետ վերադարձնել քաղաքացուն։ Սա իմ տարբերակն է, կարող ենք քննարկել, եթե դուք ունեք տարբերակներ»։

Միաժամանակ, նախարարի տեղակալն ընդգծել է, որ հետադարձ ուժը չի վերաբերի մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտած քաղաքացիներին։