ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում գազի գնին վերաբերող բանաձևը համաձայնեցվել է Ղազախստանի և Ղրղզստանի հետ, սակայն Հայաստանը և Բելառուսը այն չեն ընդունել։ Պուտինը, իր հերթին, չի ընդունել գազի միասնական սակագնի անցնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։

Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ գազի գնի շուրջ քննարկումը ծավալվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տեսակապով գագաթնաժողովի ժամանակ։

Նիստի ընթացքում Փաշինյանն առաջարկել է գազի գնի բանաձևի փոխարեն անցնել միասնական սակագնի։

«Ներկայիս գլոբալ տնտեսական մարտահրավերների պայմաններում, գազի ընդհանուր շուկայի ստեղծման անհրաժեշտությունը Հայաստանում հատկապես սուր է զգացվում: Ինչպես բազմիցս նշել եմ՝ ԵԱՏՄ-ում ինտեգրման մեր հիմքերից մեկը պետք է դառնա էներգառեսուրսների միասնական շուկան՝ ոչ խտրական սկզբունքներով: Առանց դրա անհնար է ապահովել տնտեսական գործունեության համար հավասար պայմաններ՝ միության բոլոր անդամների համար» - նշել է Փաշինյանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սակայն Պուտինն ակնարկել է, որ դա անհնար է։ Նա նշել է, որ ԵԱՏՄ-ում գազի միասնական սակագին կարող է հաստատվել միայն միասնական բյուջեի և հարկային համակարգի առկայության և ավելի խորը ինտեգրման դեպքում:

Հարցի շուրջ ընդհանուր հայտարարի չգալու պատճառով Պուտինն առաջարկել է ընդունել մինչև 2025թ. ԵԱՏՄ զարգացման ռազմավարությունն առանց գազին վերաբերող կետի: