Երևանում տեղի ունեցավ «Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության շնորհանդեսը։ Այսուհետ Հայաստանի ճանապարհաշինարարարներն կմիավորվեն մեկ ասոցիացիայի ներքո։

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Վարդան Կարապետյանը, ոլորտում հաջողության հասած ճանապարհաշինական մեծ ու փոքր մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։ Ասոցիացիայի հիմնադիր և խորհրդի նախագահ Էդուարդ Բեզոյանը պաշտոնապես ազդարարեց ասոցիացիայի աշխատանքների մեկնարկը, նշելով․ «Մեր նպատակն է միավորել ճանապարհաշինարարներին և այս ոլորտում գործող պրոֆեսիոնալ մասնագետներին՝ համատեղ ծրագրեր իրագործելու համար»։

Նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը նախարար Վահան Մարտիրոսյանի անունից շնորհավորեց բոլոր ճանապարհաշինարարներին կարևոր ձեռքբերման համար։

Ասոցիացիայի հիմնադրումը ողջունեց նաև «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Վարդան Կարապետյանը, նշելով, որ չափազանց կարևոր է ոլորտում դրսի նորարարական փորձի ներդրումը և մասնագետների շփումներն ու փորձի փոխանակումը։

«Ճանապարհաշինության դերակատարումը թերագնահատել պետք չէ: Դա արտահայտվում է նաև մեր կառավարության հաստատած ու շարունակաբար իրականացվող ծրագրերում: Այս իմաստով դուք բոլորդ շահեկան դիրքերում եք և շուկան գնալով մեծանում է: Շուկայում որոշակի կարգավորումների բարելավման, նորամուծությունների կիրառման իմաստով ես շատ կարևորում եմ ասոցիացիայի հիմնումը և բարեհաջող աշխատանքի իրականացումը»,- ընդգծեց Վարդան Կարապետյանը։