Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը հորդորով դիմում է քաղաքացիներին․

«Հարգելի՛ հայրենակիցներ, հանրության որոշ շրջանակներում տարածված թյուր կարծիք կա ալկոհոլային խմիչքների «օգտակարության» մասին։

- Ալկոհոլային խմիչքները որևէ կերպ չեն նպաստում սուր շնչական վարակիչ հիվանդություններով (նաև կորոնավիրուսային հիվանդությամբ) վարակվելու վտանգի նվազեցմանը։

- Ալկոհոլային խմիչքները չեն ամրապնդում իմունային համակարգը։

Բոլորովին հակառակը, ալկոհոլային խմիչքների չարաշահումն առաջացնում է օրգանիզմի կարևորագույն օրգան-համակարգերի ախտահարում։

Առաջնահերթ տուժում են կենտրոնական նյարդային, սրտանոթային, մարսողական համակարգերը, առաջանում են նյութափոխանակային խանգարումներ, ինչի արդյունքում էականորեն տուժում է նաև մարդու օրգանիզմի իմունային համակարգը։

Հետևեք կորոնավիրուսային հիվանդությունից պաշտպանվելու կանոններին՝ միաժամանակ զերծ մնալով ալկոհոլային խմիչքներ չարաշահելուց»։