Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օրերս լրատվամիջոցներից մեկում տեսնում եմ Հայաստանի քաղաքացիների պատկերացումները նոր կորոնավիրուսի և դրա դեմ պայքարի մասին։ Երբևէ չէի պատկերացնի այդպիսի տրամաբանություն՝ մարդկանց փող են տալիս կորոնավիրուսով վարակվելու մասին հայտարարելու կամ մահացածին որպես այդպիսին ներկայացնելու համար։

Սկզբում լուրջ դեմքով մարդիկ հայտարարում էին, թե կորոնավիրուսը տարածվում է բանանի միջոցով՝ այդկերպ հսկայական վնաս հասցնելով բանանի բիզնեսով զբաղվողներին։

Հետո ավելացան թեստավորումների մասին հեքիաթները, թե առողջ մարդկանց վարակում եմ թեստավորման ժամանակ։

Ավելի ուշ մոդայիկ դարձավ չիպավորման հեքիաթը․ իբրև թե մարդկանց բերանի խոռոչում չիպեր են դնում, որի շնորհիվ կարողանում են մարդկանց վարքը կառավարելի դարձնել։

Այս և բազմաթիվ այլ հեքիաթների կողքին հիմա էլ նոր «բացահայտում» է՝ 100․000 դրամ են տալիս կորոնավիրուսով վարակված լինելու մասին հայտնելու համար։

Հասկանում եմ, իհարկե, այդպիսի կորեկը նախատեսված է ցածր ինտելեկտուալ մակարդակ ունեցող մարդկանց համար, որպեսզի տարածեն խուճապ՝ իր բոլոր բացասական հետևանքներով։ Բայց արդյո՞ք այդքան ցածր է մեր հանրության ինտելեկտուալ մակարդակը, որ սոցիալական հարթակները լցված են այդպիսի անլուրջ գրառումներով։ Ինքս օրական այնքան նամակներ եմ ստանում այդ մասին, որ հոգնել եմ բոլորին մեկ-մեկ բացատրել, թե ինչքան անլուրջ է իրենց ուղարկած նամակի բովանդակությունը։

ՀՀ ԿԳՆ-ին առաջարկում եմ մասսայական պարտադիր մեդիագրագիտության դաս կազմակերպել՝ անկախ տարիքից»: