Մայիսի 20-ի դրությամբ՝ ՀՀ-ում վերջին մեկ ամսում առաջին անգամ կորոնավիրուսից բուժվածների թիվն ավելի մեծ է, քան վարակի հաստատված դեպքերի․ ապաքինվել է և դուրս գրվել 255 հոգի, վիրուսը հաստատվել է 230 մարդու մոտ։

Վերջին անգամ առողջացածների թիվը վարակակիրների թվին գերազանցել էր ապրիլի 17-ին, երբ առողջացել էր 121 հոգի, իսկ վիրուսը հաստատվել էր 47 անձի մոտ։ Դրանից հետո ՀՀ-ում հաստատված դեպքերի թիվը տասնյակներով գերազանցել է առողջացածներին։

Ընդհանուր առմամբ, երկրում վարակի տարածման տեմպի ու վարակակիրների թվի մասին պարբերաբար մտահոգություններ են հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Փաշինյանը մայիսի 19-ին հայտարարել էր, որ վարակի տարածման տեմպը չկոտրելու դեպքում ՀՀ-ում օրական հարյուրավոր մարդիկ կարող են մահանալ։ Նա նշել էր, որ նման տեմպի պարագայում մայիսի 29-ին արդեն ՀՀ-ում 10,000 դեպք կլինի, հունիսի 12-ին՝ 20,000 դեպք։ Նա նշել էր, որ նման սցենարով մահվան դեպքերի կտրուկ աճ կլինի և հիվանդների մի մասն օգնություն ստանալ չեն կարողանա, քանի որ վերակենդանացման բաժանմունքները լցված կլինեն պացիենտներով։