Ֆիզիկական անձինք կկարողանան փոստային ծառայության միջոցով Հայաստանում չգրանցված դեղորայք պատվիրել
Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ֆիզիկական անձանց հնարավորություն ընձեռել փոստային ծառայության միջոցով դեղորայք ստանալ արտերկրից:
Հիշեցնենք, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, և առաջինից երկրորդ ընթերցում լրամշակվել:
Նախագծի հեղինակ Սիսակ Գաբրիելյանի խոսքով` առաջարկվում է ամրագրել, որ փոստային փոխադրումներով ֆիզիկական անձի անունով կարող է ներմուծվել դեղորայք` կառավարության կողմից սահմանած կարգի համաձայն:
«Այսինքն՝ քաղաքացին թույլտվություն կստանա այն դեղերի համար, որոնք Հայաստանում գրանցված չեն կամ վաճառքում չկան, թույլտվություն ստանալուց հետո մաքսային ծառայությունից կարող է ստանալ իր դեղը»,- ասել է նա:
Գաբրիելյանի խոսքով` հաշվի առնելով սահմանների փակ լինելը և ֆիզիկական անձանց տեղափոխման խնդիրները նախագծի ընդունումը հրատապ է:
Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ քաղաքացին էլեկտրոնային եղանակով կարող է դիմել նախարարություն, ստանալ թույլտվություն ու դիմել մաքսային ծառայություն: Սիսակ Գաբրիելյանը հավելել է, եթե դեղորայքը չի գերազանցում 200 եվրոն, ապա մաքսազերծման կարիք չկա, միայն նախարարության թույլտվությամբ քաղաքացին կարող է դեղը ստանալ:
Նախագիծը ստացել է հանձնաժողովի հավանությունը` ընդգրկվելով առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ: