Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը դիմել են ՄԱԿ-ի կանանց հանդեպ բռնության գծով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչին՝ խնդրելով դիմել ՌԴ իշխանություններին, որպեսզի իրենց գործերը դատարանում միավորվեն։

Ինչպես հայտարարել է քույրերից կրտսերի՝ Մարիայի փաստաբան Վալենտինա Ֆրոլովան, դա թույլ կտա խուսափել քույրերին ավելորդ անգամ տրավմայի ենթարկելու անհրաժեշտությունից։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Ֆրոլովայի` Մարիայի գործն առանձին վարույթով քննելու քննչական մարմինների որոշումը բացասաբար է անդրադարձել մեղադրյալների իրավունքների վրա։

«Կրեստինան և Անգելինան հնարավորություն չունեն մասնակցելու Մարիայի գործին, իսկ Մարիան՝ քույրերի», - ասել է նա։

Փաստաբանը նշել է` քույրերն իրենց դիմումում պնդում են, որ գործել են ինքնապաշտպանությունից ելնելով՝ պաշտպանվելով ընտանեկան բռնությունից։

Ֆրոլովան հիշեցրել է, որ քննությունը «հրաժարվել է դիտարկել ինքնապաշտպանության դրդապատճառը քույրերի գործողություններում»։

«Այն ամենը, ինչ կատարվում է այսօր քույրերի հետ, բազմամյա բռնության հետևանք է և օրենքի բացակայություն, որը թույլ կտար նրանց ժամանակին պաշտպանել», - ասել է փաստաբանը։