Մարտի 12-ից ապրիլի 12-ը Երևանում կընթանա Ֆրանկոֆոնիայի միամսյակը։ «Ֆրանկոֆոնիայի օրերի ծրագրի» այս տարվա շրջանակներում Ֆրանսիայի դեսպանությունը կներկայացնի ֆրանսերեն լեզուն և ֆրանկոֆոն մշակույթները՝ մշակութային և լեզվաբանական միջոցառումների միջոցով: Այս մասին այսօր հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։ Փոխանցում է պանորամա-ն։

«Ֆրանկոֆոնիայի միամսյակը մեծ դեր ունի Հայաստանում ֆրանսերեն լեզվի ամրապնդման գործում։ Ֆրանկոֆոնիայի միամսյակի ընթացքում ֆրանսիական մշակույթը կներկայացվի կինոյի, պատկերապատման, երաժշտության, թատրոնի և գաստրոնոմիայի միջոցով»,- նշեց դեսպանը։

«Միջոցառման բացումը տեղի կունենա մարտի 12-ից 18-ը Մոսկվա կինոթատրոնում, Շվեյցարիայի և Կանադայի դեսպանության հետ համագործակցությամբ կազմակերպված Ֆրանկոֆոն ֆիմերի 2-րդ փառատոնով։ Ուշադրության մարտի 19-ից 22-ը սպասվում է ֆրանսիահայ շեֆ խոհարար և «Բոքյուս մագազին» հանդեսի գլխավոր խմբագիր Սոնյա Եզգյուլյանի և նկարազարդող և դիզայներ Գիյոմ Լոնի այցը։

Մրցույթի լավագույն 6 թեկնածուները հնարավորություն կստանան լուսանկարվել պրոֆեսիոնալ լուսանկարչի կողմից (նրանց լուսանկարները կցուցադրվեն Երևանի փողոցներում)։ Առաջին մրցանակակիրը կստանա Ֆրանսիայում ճանապարհորդելու հնարավորություն»,- մանրամասնեց դեսպանը։

Նա նաև նշեց, որ մարտի 30-ին և 31-ին Գյումրին կհյուրընկալի Հայաստանում Պատանի ֆրանկոֆոնների թատերական ազգային 2-րդ՝ «10-ից 10» փառատոնը: «Avant-scène» ասոցիացիայի կողմից կազմակերպված այս փառատոնը, որը համախմբում է 13-ից 19 տարեկան շուրջ 100 աշակերտ, առաջարկում է ներկայացումներ, շվեյցարացի հեղինակ Էմանուել դել Պիանեի մասնակցությամբ սեմինարներ և թատերական հանդիպումներ։

«Ֆրանկոֆոնիայի օրերը կփակվեն Ժյուլ Մասնեի Մանոն կատակերգական օպերայով, որը կներկայացվի ֆրանսերեն լեզվով 2018թ.-ի ապրիլի 11-ին և 12-ին Ա. Սպենդիարյանի անվ. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում»,- եզրափակեց դեսպանը։