«Հիասթափվել ենք «հեղափոխությունից». սկսում եմ քաղաքացիական պայքար». Տիգրան Մազմանյան
Քաղաքացիական ակտիվիստ, ֆոտոլրագրող Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելիʹ ընկերներ, սիրելիʹ քաղաքացիներ, 2018թ-ին ես՝ որպես ՀՀ պահանջատեր քաղաքացի, դուրս եկա փողոց նախկին իշխանությունների դեմ իմ բողոքի ձայնը բարձրացնելու առանց որևէ ակնկալիքի։
Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, թե ինչ ճանապարհ եմ անցել մինչև 2018թ-ը և ինչ խոչընդոտներ ենք հաղթահարել միասին։
Իսկ 2018թ-ն արդեն վերջնական կետն էր` մեր հաջողությունը գրանցելու, որի ժամանակ ես ստիպված եղա 7 օր գտնվել անազատության մեջ։
Եվ, հուրախություն շատերիս, տեղի ունեցավ ՀՀ Քաղաքացու հաղթանակը, ինչից հետո շատ շատերս մեծ սպասելիքներ ունեինք և մեծ հույսեր էինք կապում գործող իշխանության հետ, որը երկրում պետք է արմատական փոփոխություններ մտցներ ամեն ոլորտում։ Բայց «Հեղափոխությունից» արդեն 2 տարի անց մենք տեսնում ենք, որ իշխանական ուժը շեղվել է «հեղափոխական» ծրագրերից, ինչի արդյունքում շատ շատերը, այդ թվում և ես, մեծ հիասթափություն ենք ապրել։
Գործող վարչապետը տարիներ շարունակ քննադատում էր նախկին իշխանություններին և բարձրաձայնում էր բազմաթիվ ապօրինությունների մասին։
Բայց այս 2 տարվա ընթացքում չի հաջողվում գեթ մեկ նախկին իշխանականի ենթարկել պատասխանատվության (քրեական)։
Ներկայիս իշխանություններին հեղափոխությունից հետո հաջողվել է միայն կալանքի տակ պահել Ռ. Քոչարյանին։
Հաջողվել է մի շարք քրեական գործեր հարուցել, որոնց ընթացքում մարդիկ ուղղակի անհետացել են երկրից. թարմ օրինակ` Գագիկ Խաչատրյանի որդիները արտակարգ դրության պայմաններում անհետացել են։
Եվ ես արդեն համոզվում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել ուղղակի իշխանափոխություն, ուրիշ ոչինչ։
Ուստի, այս ամենից ելնելով, ես` որպես ՀՀ պահանջատեր քաղաքացի, սկսում եմ իմ քաղաքացիական պայքարը, որով կփորձեմ(ենք) հիշեցնել մեր պահանջները, որոնցով դուրս եկանք փողոց և «հաղթեցինք»։
Պետք չէ թույլ տալ որևէ քաղաքական ուժի Հայ ժողովրդի հետ վարվել այնպես, ինչպես ցանկանա։
Հնին վերադարձ չպետք է լինի, և պետք է շարժվենք մեր երկրի բարեկեցիկ ապագայի ետեվից, այլ ոչ թե անցնենք նրա կողքով։
Հ.Գ. Ես գիտակցում եմ, որ այս հայտարարությունից հետո ինձ և իմ պես մտածող մարդկանց սպասվում է բավականին բարդ ճանապարհ։
Բայց մենք պայքարել ենք ավելի հզոր և հանցավոր ռեժիմի դեմ, ուստի ոչ ոք մեզ չի կարող վախեցնել ոչնչով»: