12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները կարող են դադարեցվել
Սահմանադրական դատարանի արդեն 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները կարող են դադարեցվել, իսկ մնացածը՝ սահմանափակվել նույն ժամկետով։ Այս և նմանատիպ այլ հարցերով արդարադատության նախարարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողովին։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ արդարադատության նախարարությանը հղումով` նշելով, որ այս ամենի իրագործումից հետո ընտրված դատավորներն իրենց կազմից կընտրեն դատարանի նոր նախագահ՝ 6 տարի ժամկետով։
Արդարադատության նախարարության կողմից Վենետիկի հանձնաժողովին ուղղված հարցերի նպատակն է հստակեցնել ՍԴ ճգնաժամի ամենաարագ իրավական լուծման տարբերակը՝ անդրադառնալով նաև հանրաքվե չանցկացնելու հնարավորությանը:
«Հարցեր են ուղղվել նաև ՍԴ կողմից Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ տրվող եզրակացության շրջանակը հստակեցնելու վերաբերյալ, այն է՝ թե արդյո՞ք մեր դեպքում առկա անորոշությունը համապատասխանում է եվրոպական լավագույն ստանդարտին»,- ասվում է ԱՆ պատասխանի մեջ։
Նախարարությունից նշել են, որ Վենետիկի հանձնաժողովին ուղղված հարցերից մեկն էլ վերաբերում է նախապես նշանակված ու համավարակի պատճառով չանցկացված հանրաքվեն անհրաժեշտության դեպքում չեղարկելու՝ Ազգային ժողովի լիազորությանը։
Վենետիկի հանձնաժողովից պատասխանն ակնկալվում է հունիսին նախատեսված հեռավար լիագումարում: