Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունն Արցախում անվճար կդառնա։ Այդ մասին հայտարարել է նախագահ Արայիկ Հարությունյանը՝ շնորհավորելով շրջանավարտներին Վերջին զանգի առթիվ: Այս մասին գրում է «Արցախպրես»-ը։

«Աշխարհին պատուհասած համավարակը, ցավոք, այս տարի բոլորիս զրկել է «Վերջին զանգի» տոնական միջոցառման կազմակերպումից: Համոզված եմ, սակայն, որ իրավիճակի հետևանքով առաջացած հիասթափությունը որևէ կերպ չի խանգարելու, որ ձեզանից յուրաքանչյուրն իր առջև դրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ջանքեր գործադրի: Մի՛ մոռացեք, որ ցանկացած ճգնաժամ նաև հնարավորություն է:

Մեր նախընտրական խոստման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար: Սակայն մեկ անգամ ևս հաստատում եմ, որ կրթության որակի նկատմամբ խիստ են լինելու նաև պետության պահանջները: Հետևապես, սովորելու և անընդհատ կատարելագործվելու ցանկությունը թող երբեք չլքի ձեզ», - ասվում է ուղերձում:

Հարությունյանը նշել է, որ դպրոցն ավարտելուց հետո շրջանավարտների կյանքում սկսվում է շատ կարևոր մի շրջափուլ, որտեղ որակի ու արդյունավետության չափման միավորները կրկին գիտելիքների մակարդակն ու ցուցաբերած հմտություններն են լինելու:

«Ուստի, ինչ մասնագիտություն էլ կյանքում ընտրելու լինեք, միշտ հիշե՛ք, որ ձեր ոլորտում պետք է լինեք առաջատարը»,-ասվում է Արցախի նախագահի ուղերձում։