Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։ Այս մասին հայտնել են Վերաքննիչ դատարանից։ Մակագրումը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Այս մասին գրում է «Հետք»-ը։

Նշենք, որ Արմեն Դանիելյանն այն դատավորն է, ով բեկանել է առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումները՝ Ռոբերտ Քոչարյանին 2019թ-ի մայիսի 18-ին ազատ արձակելու, ինչպես նաև` մայիսի 20-ին Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու որոշումները:

Բացի այդ՝ Դանիելյանը բեկանել է նաև Մարտի 1-ի մայր գործի ամբողջական նյութերը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություններ են ներկայացրել նրան գրավի դիմաց ազատ արձակելու, նրա խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու, նրան Արցախի և Հայաստանի նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ։

Մայիսի 13-ին դատարանը մերժել է միջնորդությունները, որի դեմ պաշտպանները բողոքներ են ներկայացրել։