Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է դիմակների թանկացումը: Պարետատան հետ քննարկվել է դրանք ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառելու հարցը, ինչի արդյունքում դիմակի գինը մոտ 100 դրամով կնվազի, հայտնել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

Նա նշել է, որ ապարատների միջոցով դիմակի վաճառքի դեպքում դրանց գինը կիջնի, քանի որ միջնորդները դուրս կգան։

«Դիմակների ներկրման արժեքը բարձրացել է մոտ տասն անգամ, բացի այդ՝ մեծածախ ձեռբերում է իրականացվում, որտեղ մարժա է գումարվում, այնուհետև մանրածախ վաճառքի վրա է մարժա կիրառվում, և այս մարժաների չափը մեզ անհանգստացրել է։ Դրա հիման վրա կիրականացվեն ուսումնասիրություններ», - ասել է նա, փոխանցում է Aysor.am-ը։

Միաժամանակ Գևորգյանն ընդգծել է, որ չեն կարող 1-2 օրվա ընթացքում ուսումնասիրություններ իրականացնել։

Նրա խոսքով՝ ՀՀ-ում լայն սպառման դիմակների ամենաբարձ գինը 220 դրամ է։ Գևորգյանն ընդգծել է նաև, որ հաշվարկվել են երկրում երկու արտադրության ինքնարժեքները, վաճառքի գները ևս բարձր են:

«Մի արատավոր երևույթ կա, երբ ՀՀ-ում արտադրված դիմակը մեր տնտեսվարողները ձեռք են բերում մեծածախ, հետո տալիս դեղատների ցանցերին, այսինքն՝ երկու մարժա է գումարվում», - ասել է նա։