«Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում կորոնավիրուսի 15 դեպք է հաստատվել։

Վարակվածներից 9-ը երեխաներ են, 6-ը՝ աշխատակիցներ։ Այս մասին հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը, գրում է «Հետք»-ը։

Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ վարակվածները չեն հոսպիտալացվել, մեկուսացված են մանկատանը, քանի որ ախտանշաններ չունեն։

«Երեկ դայակներից մեկի մոտ 37.6 աստիճան ջերմություն է եղել, միանգամից մեկուսացրել են, ուղարկել տուն, թեստավորել իր անմիջական շփման շրջանակը»,- զրույցում ասել է Մարտիրոսյանը։

Մամուլի քարտուղարը նշել է, որ երեկ և այսօր կորոնավիրուսի 64 թեստ է արվել, որից միայն 15-ն է դրական պատասխան ունեցել։

Նշենք, որ «Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը» խնամք են ստանում 0-18 տարեկան մտավոր և ֆիզիկական խանգարումներ ունեցող երեխաները։