Պարեկային ծառայողների աշխատավարձերը կտատանվեն 320,000-600,000 դրամի միջակայքում, կրտսեր պարեկի նվազագույն աշխատավարձը կլինի 320,000 դրամ (հարկված՝ 237,400 դրամ)։ Այդ մասին ԱԺ պատշպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը։ Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը։

Նա ներկայացրել է «Ոստիկանությունում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

«Կրթության ընթացքում նոր դիմորդների համար ապահովվելու է 68,000 դրամ կրթաթոշակ, որը ոստիկանության կրթահամալիրը հիմա էլ ապահովում է», - ասել է փոխնախարարը։

Նա հավելել է, որ ընդունելությունը կլինի սկսած 18 տարեկանից, տղաների համար՝ բանակում ծառայությունը պարտադիր պայման կլինի։

Գրիգորյանը նշել է, որ ոստիկանության գործող ծառայողների դեպքում, որոնք կգան ուսումնառության, կպահպանվի նաև աշխատավարձը։

Ինչ վերաբերում է աշխատավարձի վերին շեմին, ապա փոխնախարարի խոսքով՝ դրա թիվը կազմում է մոտ 607,000 դրամ։