Խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը դուրս է հրավիրելու նիստերի դահլիճից այն պատգամավորներին, որոնք դահլիճում դիմակ չեն կրում:

Այս մասին քառօրյայի սկզբում հայտարարել է Միրզոյանը:

«Պարետատան որոշումը գիտեք դիմակների հետ կապված, ես որպես ԱԺ նախագահ նախազգուշացում եմ հայտարարելու և, եթե անհրաժեշտություն լինի, դահլիճից դուրս եմ հրավիրելու մեկ օրով, եթե անհրաժեշտ լինի՝ յոթ օրով, բոլոր այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում», - ասել է նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցրել է` պարտադիր նո՞րմ է համարվելու նիստի ընթացքում դիմակ կրելը, թե ոչ: Միրզոյանն արձագանքել է, որ կրելը պարտադիր է թե' իրավական ակտի գործադրման առումով, թե' ելնելով բոլորի պատասխանատվությունից:

Խոսել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` սոցիալական հեռավորության դեպքում ի՞նչ կարիք կա դիմակ կրել: Միրզոյանն արձագանքել է` հեռավորությունը կարող է պահպանված լինել, սական խոսափողներն էլ կարող են վիրուսի կրիչ լինել:

«Նաև հիշեցնեմ պատգամավորների բարձր առաքելությունը` քաղաքացիներին օրինակ ծառայելու համատեքստում: Ես ինքս եղել եմ մի իրավիճակում, որ փակ տարածքում դիմակ չեմ կրել, ես ուզում եմ բոլորիդ առջև ասել, որ սխալ եմ արել, մտածել եմ՝ հանդիսավոր պահ է, Արցախի նախագահի երդմնակալությունն է, բայց ուզում եմ խոստովանել, որ սխալ էր», - ասել է Միրզոյանը:

Էդմոն Մարուքյանը պատասխանել է` դիմակով խոսելն անհարմար է, նաև հավելել է, որ ԱԺ դահլիճում դիմակ չկրելը չի կարող կանոնների խախտում համարվել, քանի որ, ըստ Սահմանադրության, արտակարգ դրությունը չի տարածվում խորհրդարանի վրա:

«Հետևաբար, պարետի որոշումները չեք կարող կիրարկել խորհրդարանում, չեք կարող պատգամավորին դուրս հրավիրել դիմակ չկրելու համար»,-ասել է Մարուքյանը:

Արարատ Միրզոյանն էլ ասել է, որ հարցը երկու շերտ ունի, այո, պարետի որոշումը քաղաքացիներին է վերաբերում, ոչ թե խորհրդարանին, սակայն երկրորդ շերտը քաղաքացիներին օրինակ ծառայելն է:

«Ես ուզում եմ վերահաստատել, պարոն Մարուքյան, կիրառելու եմ այդ միջոցները, կոչ եմ անում, խնդրում եմ բոլորիդ դիմակ կրել դահլիճում, ընդունեք որպես խնդրանք, չդիտարկեք որպես մարտահրավեր», - ասել է ԱԺ խոսնակը:

Նիստի ընթացքում Արարատ Միրզոյանը որպես նախազգուշացում հայտարարել է պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նկատմամբ` դիմակ չկրելու համար: