Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Փոխանցում է 168.am-ը։

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ այսուհետ բոլոր պարգևատրումները պետք է տեղի ունենան օրենքով սահմանված դեպքերում.

«Այս նախագծով առաջարկվում է շքանշանների, մեդալների և կոչումների պագևատրման և շնորհման գործընթացն ամբողջությամբ սահմանել օրենքով: Նախատեսվել է նաև, որ ՀՀ նախագահին պարգևատրման համար միջնորդություն անելու իրավունք ունեն՝

-օրենսդիր իշխանության նախագահը,

-ԱԺ պատգամավորը,

-ՍԴ նախագահը,

-Բարձրագույն դատական խորհուրդը,

-գործադիր իշխանության ղեկավարը՝ վարչապետը:

Մյուս պետական մարմիններն առաջարկությամբ դիմում են վարչապետին, միջնորդությունից հետո՝ ՀՀ նախագահը սահմանված կարգով տալիս է պարգևները»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցով դիմեց հիմնական զեկուցողին. «Ձեր ներկայացրած նախագծով ՀՀ նախագահն ինքնուրույն որևէ պարգևատրում անելու իրավունք ունի՞, թե՞ չունի, եթե չունի, ինչո՞ւ: Սահմանադրությամբ՝ ՀՀ նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարգևատրում է շքանշաններով և մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ: Այսինքն՝ սա հստակ նախագահի լիազորությունն է, ինչո՞ւ եք օրենքը ձևակերպել այնպես, որ առանց վարչապետի կամ այլ պաշտոնյաների միջնորդության՝ նման պարգևատրումներ ՀՀ նախագահը չի կարող անել: Եթե սխալվում եմ, խնդրում եմ՝ ուղղել»:

Ի պատասխան՝ Ա. Հովհաննիսյանն ասաց. «Ոչ, չեք սխալվում: ՀՀ նախագահին կարող են դիմել 4 անձինք դրա համար՝ վարչապետը, ՍԴ նախագահը, Բարձրագույն խորհրդի նախագահը, ԱԺ նախագահը: Ինչո՞ւ ինքնուրույն չի կարող պարգևատրումներ անել, որովհետև դա բխում է Սահմանադրության մեկ այլ հոդվածից»: