ՀԱԳ տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Հայաստանի ազգային գրադարանի (ՀԱԳ) առցանց շտեմարաններն արդեն հասանելի են: Նախորդ երկու օրերին շտեմարանների թեստային փորձարկումներ են արվել և այժմ այն հասանելի է 24 ժամ

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ինտերնետ կապի խափանման և ՀԱԳ էլեկտրոնային շտեմարանների առցանց անհասանելիության պատճառները պարզելու նպատակով գրադարանի աշխատակիցները որոշ էլեկտրական սարքեր հայտնաբերել էին ծխեցված վիճակում: ՀԱԳ-ում կատարվածի մասին տնօրինությունն օրեր անց տեղյակ էր պահել արտակարգ իրավիճակների նախարարությանը (ԱԻՆ): ԱԻՆ-ը հետաքննություն էր սկսել գրադարանում, նշանակվել էին հրդեհատեխնիկական, ապրանքագիտական և էլեկտրատեխնիկական փորձաքննություններ:

ՀԱԳ տնօրենի պաշտոնակատարն այսօր տեղեկացրել է, որ բովանդակային առումով կորուստներ չունեն, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները մանրակրկիտ մաքրել են սերվերները և պատրաստի շահագործման համար հանձնել են գրադարանին:

«Այս ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների մի ամբողջ համայնք ձևավորվեց գրադարանի շուրջ, որը պատրաստակամություն է հայտնել մեզ աջակցել նաև հետագայում»,- հայտնել է Սարիբեկյանը:

Վերջինս նշել է, որ սերվերները շահագործելու համար բոլոր սարքավորումները պահպանված են: Հրդեհվելուց հետո սերվերների արտաքին տեսքից դատելով՝ կարող էին ասել, որ դրանք բավականին հուսալի վիճակում են, հավանականությունը փոքր է, որ հնարավոր չի լինի դրանք գործարկել: Եթե այդ էլ չլիներ, շտեմարանում ներառված բոլոր նյութերը, ծրագրային ֆայլերը, թվայնացված գրականության, գրքերի և մամուլի ամբողջ բազան առանձին կրիչներով պահվում էին Ազգային գրադարանում:

ՀԱԳ տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը տեղեկացրել է, որ այս ընթացքում գրադարանի հանրային կապերի բաժինը մանրամասն մոնիտորինգ է իրականացրել, վերլուծել են հրդեհի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները, սոցիալական կայքերում արված գրառումները, անգամ դրանց հավանումները: Ազգային գրադարանում ծառայողական քննություն է իրականացվում, և գրադարանի բոլոր աշխատակիցները, որոնք դեպքի օրն այցելել են Ազգային գրադարան, զեկուցագրեր են ներկայացնում:

Ի սկզբանե տնօրենը չի բացառել մարդկային միջամտության գործոնը: Դեպքի առթիվ փորձաքննություն է իրականացվում և դեռ չի հերքվել մարդկային դիտավորության, միջամտության գործոնը:

«Ես ենթադրություններ ունեմ, սպասում ենք փորձաքննության եզրակացությանը, իմ վերջնական դիրքորոշումը ծառայողական քննության և փորձաքննության ավարտից հետո կներկայացնեմ»,- ասել է տնօրենը:

Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը տեղեկացրել է, որ փորձաքննության եզրակացությունները դեռևս պատրաստ չեն։ Գործի առանձնահատկությունից ելնելով՝ դատախազի ցուցումով, հետաքննության ժամկետը երկարացվել է 20 օրով՝ մինչև հունիսի 15-ը, գրում է «Հետք»-ը։